ՏՄՊՊՀ-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը համագործակցելու պատրաստակամություն են հայտնել

18:36, 3 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մարտի 3-ին հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարին Մարկիդեսին և գործարար կապերի պատասխանատու, դասախոս  Կարեն Սարկավագյանին: Հանդիպման նպատակն էր  քննարկել երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն դեռևս նախորդ տարվանից  կրթական հաստատությունների հետ նոր որակի և բովանդակությամբ համագործակցության ծավալմանն ուղղված նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ նպատակ ունենալով  ամրապնդել պետական հատվածում աշխատաշուկայի և բուհերի միջև կապը, ինչպես նաև օգտագործել հանրապետության գիտական և մասնագիտական ներուժը՝ տնտեսական մրցակցությանն առնչվող ժամանակակից մարտահրավերների համար  առավել արդյունավետ լուծումներ գտնելու աշխատանքներում:

Նա հավելել է, որ հանձնաժողովը պատրաստակամ է Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ նույնպես փոխշահավետ գործակցություն զարգացնել, որը կարող է ընդգրկել ուսանողների համար գործնական դասընթացների կազմակերպումը՝ հնարավորություն ընձեռելով նրանց մասնակցություն ունենալ ուսումնասիրությունների գործընթացներին, ինչպես նաև առանձին հարցերում համագործակցել՝ օգտագործելով համալսարանի մասնագիտական կարողությունները:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես քննարկել են թվային հարթակի ներդրման հարցում տվյալների վերլուծաբանի ներգրավման, հանձնաժողովի կողմից ավարտական աշխատանքների թեմաների պատվիրակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև  համագործակցության  զարգացման այլ հնարավոր ուղղություններ` տնտեսական մրցակցությանն առնչվող խնդիրների կարգավորման, հանրային իրազեկման և վստահության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության զարգացման ուղղությամբ երկուստեք իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:

 

 


© 2009 ARMENPRESS.am