«Սոցիալական շարժման» համաժողովին վեր հանվեցին մի շարք ոլորտների վերաբերող խնդիրներ

15:54, 29 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական շարժման» համաժողովը, որին մասնակցում էր 20-ից ավելի սոցիալական նախաձեռնություն և միություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում ներկայացվեց միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիր։

«Սոցիալական շարժում»-ը միավորվել և ձևավորել են ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և կրթության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և  «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Սոցիալական շարժման» անդամ Տիգրան Ուրիխանյանը շեշտեց, որ իրենք չունեն քաղաքական օրակարգ:

«Եթե լուծված լինեին թռիչքային ձևաչափով այն բոլոր խնդիրները, որոնք ՀՀ-ում մարդկանց դեռ երկու տարի  առաջ հանեցին ոտքի, այսինք սոցիալական վատ կենսակերպը, դժվար պայմանները, ապա այսօր այստեղ մարդիկ չէին հավաքվի: Ծանր սոցիալական իրավիճակը  անցյալի դրսևորում է: Դա երևում է  այն խնդիրներով, որոնք մենք բերել ենք այստեղ՝ սովը, գործազրկությունը, բուժսպասարկումից զրկված լինելը, աղքատությունը և այլն: Մենք կոչված ենք օգնելու և աջակցելու ՀՀ քաղաքացուն և երկիրը շենացնելուն»,- նշեց Ուրիխանյանը:

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանն էլ ասաց, որ իրենք ցանկանում են վեր հանել զոհվածների, ազատամարտիկների, հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայողների խնդիրները։

«Մեր պայքարը թեժ պայքար է եղել։ Մենք 19-թվականից  հղում ենք կատարել կառավարությանը, որ զոհվածի ընտանիքներին պատշաճ վերաբերմունք ցուցաբերվի․  խնդրել եմ մեծարգո վարչապետին ուշադրություն հրավիրել մեր խնդիրներին։ Անցել է մեկ տարի ժամանակ և  ես ևս մեկ անգամ լինելով Սոցիալական  շարժման համագումարին՝ համոզվեցի, որ մի ձեռը ծափ չի տալիս։ Մենք պետք է լինենք միասնական»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ իրենց պահանջը մեկն էլ՝ սատար կանգնել իրենց ընտանիքներին, ազատամարտիկներին։   

[gallery id= 63582]

© 2009 ARMENPRESS.am