Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՀԱՊԿ շրջանակում նախանշված ծրագրերը

18:25, 28 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել. «Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ»: Կառավարության ղեկավարն ընդգծել է գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ Ստանիսլավ Զասի պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի հասնել առկա տարբեր խնդիրների լուծմանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության շրջանակում առաջիկայում նախանշված ծրագրերն ու առաջնահերթությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման, միջազգային այլ  կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի: 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am