Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում
15:49, 27 Փետրվար, 2020ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի վարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:
Մինչև Իրանի հետ սահմանը փակելու՝ կառավարության որոշման ուժի մեջ մտնելը, ՀՀ սահմանը բաց է եղել Իրանի քաղաքացիների համար, որոնք, սակայն, ավելի ուժեղացված ռեժիմով են հսկվել։ «Դրանից հետո արդեն բաց է միայն ՀՀ քաղաքացիների համար, և եթե փողոցներում էլ շրջենք, կտեսնենք իրանցի բազմաթիվ զբոսաշրջիկների կամ այլ պատվիրակության ներկայացուցիչների, որոնք ավելի վաղ են Հայաստան ժամանել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև նշեց, թե ԶԼՄ-ներով, տուրիստական գործակալությունների գործընկերների և պետական կազմակերպությունների միջոցով հորդորում են, որ եթե որևէ մեկի մոտ լինեն հիվանդության նշաններ, անպայման դիմեն բժշկական հաստատություններ, որպեսզի հաստատվի կամ հերքվի վիրուսի առկայությունը:
«Մինչս օրս կատարված 95 թեստերից որևէ հաստատում չի եղել: Բացի կլինիկական ախտանշաններ հայտնաբերելը և սահմանային անցակետերում ջերմություն չափելը, այլ էֆեկտիվ միջոցառում պարզապես չկա»,-նշեց նախարարը:
Հարցին՝ հանրահավաքների կազմակերպման մեջ վարակի տարածման վտանգ տեսնո՞ւմ է, Թորոսյանը պատասխանեց, թե եթե տեսնեն որևէ հիվանդության՝ ավելի լայն տարածման վտանգ, թե՛ կոչերով, թե՛ ավելի մեծ սահմանափակումներով կանդրադառնան դրան, այս մասով դեռևս նման մտահոգություն չկա:
© 2009 ARMENPRESS.am