Դիլիջանի ոլորաններում ավտովթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է
14:12, 27 Փետրվար, 2020ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 27-ին ժամը 03:18-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Հ.-ն ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվելով՝ հայտնվել հաջորդ ոլորանի ճամփեզրին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ ուղևոր Կարինե Կ.-ն (ծնված՝ 1989 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևորի դին դուրս բերել ավտոմեքենայից: Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:
© 2009 ARMENPRESS.am