Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ ու մարիխուանա է հայտնաբերվել

21:42, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի զենք ու թմրամիջոցներ պահող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու միջոցառումները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  այս համատեքստում հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները։ Նրանք փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ատրճանակ ու թմրամիջոց է պահում։

«Փետրվարի լույս 25-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 19 գրամից ավելի քաշով, ինչպես և կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հետքերով։

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։

Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


© 2009 ARMENPRESS.am