ՀՀ և Կուբայի ԱԳ նախարարները կարևորել են տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը
17:08, 26 Փետրվար, 2020ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 26-ի հանդիպեց Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլային: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Նախարար Մնացականյանը նշեց, որ չնայած առկա աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Կուբայի հետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ հայ-կուբայական համագործակցության ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը վայելում են հայկական կողմի լիակատար աջակցությունը:
Արտգործնախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ որպես տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ուղենշման հարթակ:
Նախարարներ Մնացականյանը և Պարիլլան դրական գնահատեցին միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի միջև ձևավորված համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության և վստահության վրա:
Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
© 2009 ARMENPRESS.am