Արարատ մարզում 2020-ին կկառուցվի 77 կմ ջրային ներքին նոր ցանց
17:07, 26 Փետրվար, 2020ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում 2020 թվականին 2.5 մլրդ դրամի ոռոգման ջրագծեր են կառուցվելու: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Մեր մարզում ջրային ոլորտում առկա պատկերը, մասնավորապես, ջրային համակարգում առկա ահռելի կորուստները կնվազեցվեն: Այս ներդրումից հետո ժամանակին, պատշաճ մեր ջրօգտագործողներին ոռոգման ջուր կհասցվի և բերքը չի տուժի: Սա շատ կարևոր ծրագիր է»,-ասաց մարզպետը: Ծրագիրը ներառում է 31 համայնք և կառուցվելու է մոտ 77 կմ ներքին ջրային ցանց: Ավարտը նախատեսված է այս տարի:
Խոսելով Վեդու ջրամբարից՝ մարզպետը նշեց, որ բարենպաստ եղանակային պայմանների պարագայում աշխատանքները զգալի առաջ կընկնեն: Նախատեսված է, որ արդեն 2022 թվականին ջրօգտագործողներին ջրաքանակ տրամադրել:
«Շինարարը նաև տեղեկացրեց, որ պատվարի կառուցման ինչ-որ փուլից կարելի է ջրամբարում ջուր կուտակել և բաց թողնել: Ինձ թվում է 2021 թվականի գարնանից հնարավոր է ջրամբարը մասնակի շահագործել»,-հավելեց Գարիկ Սարգսյանը:
© 2009 ARMENPRESS.am