Արարատի մարզում սպանդանոցների հարցը մինչև հուլիսի 1-ը կարելի է լուծված համարել. մարզպետ

16:09, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզում առաջիկայում սպանդանոցների խնդիրը կարող են լուծված համարել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նշեց, որ բավական հայտեր են ստացվել սպանդանոցների կառուցման: Տարածքները հստակեցվել են և քարտեզի վրա 17 հարմարավետ տեղ է նշվել, որտեղ ներդրողները կարող են հիմնել սպանդանոցներ:

«Կան կոնկրետ ներդրողներ: Մենք քարտեզագրել ենք տարածքները հասկանալու համար, թե որտեղ է ճիշտ ընտրել սպանդանոցների կառուցման համար: Այնպես է արվելու, որ սպանդանոցները հավասարաչափ հեռավորության վրա, ինչպես նաև հասանելի լինեն:Ինչպես գիտեք առաջարկվում է շարժական սպանդանոցների տարբերակը, որը նախատեսված կլինի առավել անմատչելի վայրերի համար»,-ասաց մարզպետը:

2020 թվականին հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն էր սահմանվել, արգելվել էր բակային մորթը: Սա սակայն հարուցել էր որոշ անասնապահների և մսավաճառների դժգոհությունը, նրանք ակցիաներ էին իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: Այս բողոքներին արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ բողոքող քաղաքացիների համար առաջարկ էր արել: Նա մասնավորապես հայտնել էր, որ գործադիրը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի:

 


© 2009 ARMENPRESS.am