Անցյալ տարի Հայաստան ժամանած բլոգերները երկրի մասին հրապարակել են ավելի քան 50 հոդված, 30 տեսաֆիլմ

16:04, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին Զբոսաշրջության կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվել ավելի քան 50 մեդիա ներկայացուցիչներ և բլոգերներ՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից և Լեհաստանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Այցերի արդյունքում եղել է Հայաստանի մասին պատմող 30 տեսանյութ, 5 մլն-ից ավելի դիտում և 50-ից ավելի հոդված ու հրապարակում»,- նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալը:

Քոչարյանը նաև շեշտեց, որ իրենք շատ ակտիվ աշխատում են նաև համացանցում և ընդգծեց, որ 2019-ին գովազդային արշավներ են իրականացվել Armenia travel պաշտոնական սոցիալական հարթակում:

«Այս պահին ունենք 106 հազարից ավելի հետևորդ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և 60 հազարից ավելի հետևորդ «Ինստագրամ»-ի պաշտոնական էջում: 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին հրապարակվել է 25 տեսահոլովակ Հայաստանի և Արցախի մասին, միջինը մոտ 20 րոպե տևողությամբ»,- ասաց Ալֆրեդ Քոչարյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am