Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրանի դատական համակարգի ղեկավարի հետ

13:29, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և Իրանի միջև դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը և տարբեր հարթություններում առկա երկխոսության դինամիկան։

ՄԻԽ 43-րդ նստաշրջանի օրակարգի և աշխատանքների համատեքստում կողմերը շեշտադրեցին մարդու իրավունքների, այդ թվում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորությունը: 

Նախարար Մնացականյանն իր զորակցությունը հայտնեց զրուցակցին և Իրանի բարեկամ ժողովրդին Իրանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։


© 2009 ARMENPRESS.am