«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ղազարոս Աղայանը շատ էր սիրում ճաշացուցակ կազմել

09:33, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լիարժեք կյանքով ապրող մարդ էր Ղազարոս Աղայանը, կյանքը շատ էր սիրում: Ահա թե ինչու նրա գրականությունն այդքան ջերմ ու մտերմիկ է, եւ մինչ օրս իր հմայքը չի կորցրել: Այս մասին «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը` ընդգծելով, որ  նրա էությունն էր այդպիսին: Աղայանը սիրում էր ճաշացուցակ կազմել: Դրանք երգիծական, հումորային ճաշացուցակներ են, ուտելիքի անուն`  կապված որեւէ գրական ստեղծագործության հետ: Գրողի ձեռքով կազմված ճաշացուցակները, նրա լուսանկարները, գրքերի տարբեր տարիների հրատարակություններն ու անձնական իրերն այժմ ներկայացված են թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահում:

«Աղայանը մեր նահապետներից է, բացարձակ հեղինակություն ոչ միայն մեր սերունդների, այլ նաեւ մեծահանճար Թումանյանի համար: Այդ փոքրաթիվ նյութերի մեծ մասը երբեւէ չշրջանառված իրեր են: Առաջին անգամ են ցուցադրվում: Քանի որ բանուկ տեղ է, շատ իրեր չէինք կարող դնել »,- ասաց գրականագետը: Թանգարանում  է պահվում Ղ. Աղայանի հսկայական արխիվը: Հիմնականում` ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր: Անձնական իրերից ուշագրավ են գրենական պիտույքները, սպասքը, պարգեւները: Գրողի հոբելյանի առիթով թանգարանը կհրատարակի նաեւ մի ամփոփ հատորյակ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am