«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հանրաքվեին կմասնակցի «Այո» քարոզչական կողմից

19:06, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին կմասնակցի «Այո» քարոզչական կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում:

«Քարոզարշավին մասնակցելու եմ, ինչպես մնացած բոլոր քարոզարշավներին, քարոզելու եմ «Այո»-ն, համարում եմ շատ կարևոր: Գտնում եմ, որ մեր ժողովուրդը պետք է պասիվ չմնա, պետք է անպայման մասնակցի հանրաքվեին, որովհետև, եթե նախորդ ընտրություններում ժողովուրդն ասում էր, որ իր քվեն բանի տեղ դնող չկա, հիմա ժողովրդի քվեից է կախված ամեն ինչ»,- ասաց Սարգսյանը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:


© 2009 ARMENPRESS.am