Վլադիմիր Վարդանյանը նոր Հայաստանի զարգացման հանգրվաններից է համարում դատաիրավական բարեփոխումները

11:25, 25 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դատաիրավական բարեփոխումները համարում է նոր, ժողովրդավարական Հայաստանի զարգացման կարևորագույն հանգրվաններից մեկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում Պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին: Չպետք է հասարակությունում մնա որևէ քաղաքացի, որը կասկածի տակ դնի դատավորի մասնագիտական և բարոյական որակները: Դատական իշխանությունը իրավական պետության ստեղծման, զարգացման և կայացման հիմքն է: Առանց դատական իշխանության չենք կարող երաշխավորել իրավական պետության ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ երկրի կայուն և հարատև զարգացումը»,- ասաց Վարդանյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:


© 2009 ARMENPRESS.am