Անդրանիկ Օզանյանի հոբելյանի առթիվ զորավարին նվիրված նոր գիրք է հրատարակվել  

13:22, 24 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորավար Անդրանիկի 155-ամյա հոբելյանի կապակցությամբ Ռուբեն Սիմոնյանը լույս է ընծայել «Օտարներն Անդրանիկի մասին» գիրքը, որում զետեղվել են զորավարի մասին ռումինացիների, ռուսների, վրացիների, բուլղարացիների և այլ ազգերի ներկայացուցիչների կարծիքները և բացառիկ լուսանկարներ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Անդրանիկ Օզանյանի հոբելյանին անդրադարձան Ռուբեն Սիմոնյանն ու Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Սիմոնյանը, որը զորավարի մասին հրատարակել է նաև «Սիբիրական վաշտի ոդիսականը»,  «Մասունքներ: Պատումներ: Անդրանիկ 150» գրքերը, խոսելով նոր` «Օտարները Անդրանիկի մասին» գրքի մասին, ասաց, որ այն գրել է, իր խոսքով, հոգուց արյուն կաթելով: «Ես ըմբոստացած եմ, վիրավորված եմ, որովհետև մեր երկրում այժմ էլ կան մարդիկ, կուսակցություններ, որոնք նսեմացնում են Անդրանիկի անունը: Այս գրքում ընթերցողը կգտնի բուլղարացիների, ռումինացիների, հույների, ֆրանսիացու, անգլիացու, ամերիկացու, ռուսների, վրացիների, անգամ Աթաթուրքի բարձր գնահատականը մեր պաշտելի զորավարի մասին»,-ներկայացրեց հեղինակն ու հավելեց, որ Անդրանիկը ժամանակ չի ճանաչում և հավերժական է:

Նրա խոսքով՝ ժողովուրդն Անդրանիկին առասպելական հերոս է դարձրել: «Ժողովուրդը ոչ միայն  դեպի ռազմադաշտ առաջնորդողի, այլև ոգեղեն առաջնորդի կարիք ուներ: Անդրանիկն առաջնորդ էր և՛ ռազմադաշտում, և՛ ոգու դաշտում: Ժողովուրդը հավատաց նրան, իսկ Անդրանիկը հուսախաբ չարեց ժողովրդին: Զորավարն ասում է, որ իր միակ կուսակցությունը հայ ժողովուրդն է»,-հիշեցրեց Ռուբեն Սիմոնյանը:

Վարդանյանն էլ փաստեց, որ զորավար Անդրանիկը միակ հերոսն է, որին ժողովուրդը երգեր է ձոնել դեռ նրա կենդանության օրոք: «Նրա հոբելյանը հրաշալի առիթ է, որ փորձենք քիչ թե շատ ամփոփ ներկայացնել Օզանյանին մեր լայն հանրությանը, որովհետև Անդրանիկի անունը ոչ միայն հայերը գիտեն, այլև օտարները, բայց հիմնականում նրա անունը զուգորդվում է աներևակայելի խիզախության, քաջության, զորավարական հանճարի հետ: Այսինքն՝ Անդրանիկի անունը միանշանակ կապում են ռազմական գործունեության հետ, այնինչ դա շատ փոքրիկ մասն է այն վիթխարի լեգենդի, որի անունն է Անդրանիկ»,-ասաց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ պետք է փորձել Անդրանիկ Օզանյանի հագեցած կյանքը ներկայացնել նրա գործունեության տարբեր հանգրվաններով, ներկայացնել այն բոլոր խորհուրդները, որոնք ուներ զորավար Անդրանիկը`հայ մարդ կերտելու, հայ հասարակություն կերտելու առաքելությունը, որը կրում էր նա այդ դժնդակ և զարհուրելի օրերին: «Անդրանիկ ասելով՝ մենք պետք է հասկանանք և՛ ասպետականություն, և՛ մեծահոգություն, և՛ ազնվություն»,-շեշտեց թանգարանի տնօրենը:

Անդրանիկ Օզանյանի 155-ամյակը նշվում է փետրվարի 25-ին:

 


© 2009 ARMENPRESS.am