Պուշկինո գյուղի անտառից ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

16:56, 22 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս փետրվարի 21-ին ժամը 19:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով:

Ավտոմեքենան՝ փայտանյութով տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:


© 2009 ARMENPRESS.am