Ակունքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» միջոցառումը
20:33, 21 Փետրվար, 2020ԳԱՎԱՌ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում անցկացվեց «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը, որ կրում էր «Ոչ ծխախոտին» խորագիրը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ 10-ից ավելի մարզական եւ մշակութային նշանակության խաղերում իրենց ուժերն էին չափում Ակունք համայնքի բնակիչները եւ դպրոցականները: Խաղերն ընթանում էին ազգային երգերի և պարերի կատարումներով: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիք բոքսինգ, կշռաքարի բարձրացում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձեւերում:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունք եւ Վարդենիս համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ: Մրցումների մասին իր տպավորություններով կիսվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորիդ շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առիթով եւ կարեւորում նման միջոցառումները երկու տեսանկյունից: Առաջինը, որ երեխաների մոտ սեր է արթնանում դեպի մարզաձեւերի հանդեպ, երկրորդը, որ նրանք հեռու են մնում ծխելու վատ սովորույթից: Եվ եթե պարզվի, որ Ակունքի դպրոցում ոչ մի աշակերտ չի ծխում, ապա ամռանը կգամ այստեղ՝ նորակառույց ֆուտբոլի դաշտում նրանց հետ ֆուտբոլ խաղալու», - ներկաներին դիմեց մարզպետը:
Մրցումների ավարտից հետո հաղթող մարզիկները պարգեւատրվեցին Ակունքի համայնքապետարանի կողմից սահմանված մեդալներով եւ գավաթներով: Պարգեւները հանձնեցին մարզպետ Գնել Սանոսյանը եւ Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝ «Գեղարքունյաց Ձմեռ -2020» միջոցառումն անցկացվում է նաեւ մարզի մյուս համայնքներում, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ:
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am