ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը

16:19, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից:

«Արդեն իսկ առկա է նման իրադրություններում գործողությունների ձևավորված համակարգ, և, անհրաժեշտության դեպքում, Իրանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ ՀՀ սահմանային անցակետերում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված հսկողությունը շարունակվում է»,- հայտնեցին ԱԳՆ-ից:

Փետրվարի 21-ին Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակման և 13 դեպք է գրանցել երկրում: Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, որոնցից  4-ը՝ մահվան ելքով:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Վերջին օրերին եւս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։


© 2009 ARMENPRESS.am