Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ. նախատեսված է մանրամասն աշխատանք զորամասերում

19:24, 20 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Արցախ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ:

«Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորում է բոլորին Արցախի վերածննդի օրվա առիթով» ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am