«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նշվել է Գիրք նվիրելու օրը

18:56, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ի օրը՝ փետրվարի 19-ին, որը 2008թ.-ից Հայաստանի Հանրապետության գրողների միության և կառավարության որոշմամբ նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, գրքերի նվիրատվություն է կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ ու Ստեփանավան քաղաքի մշակույթի և ժամանցի կենտրոնի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանում կազմակերպվել էր ցերեկույթ: Կենտրոնի փոխտնօրեն Հասմիկ Սահակյանը և տեխնիկական բաժնի վարիչ Սամվել Ավագյանը կենտրոնի անձնակազմի անունից հանդիսավոր կերպով գրքեր նվիրաբերեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատազրկված անձինք:

Կենտրոնի փոխտնօրեն Հ. Սահակյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, կարևորել է անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ հասարակության ուշադրությունը:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, հիմնարկի անձնակազմի և ազատազրկված անձանց անունից շնորհակալություն հայտնեց Մշակույթի և ժամանցի կենտրոնի ողջ անձնակազմին նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ մշակութային տարաբնույթ միջոցառումները կենտրոնի հետ համատեղ կկրեն շարունակական բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am