Վատիկանում հայկական ծեսով մատուցվել է Սուրբ պատարագ

18:11, 18 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարի գետնադամբարանում` Սուրբ Պետրոսի շիրիմի մոտ, հայկական ծեսով Սուրբ և անմահ պատարագ է մատուցվել ԱՄՆ և Կանադայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Vaticannews-ը:

«Եկել ենք առաքյալների իշխանին` Սուրբ Պետրոսի շիրմին` վերանորոգելու մեր հավատքի դավանանքը, որպես հաջորդ հովիվներ մեզ հանձնված թեմերի: Անշուշտ, դժվարություններ ունենք, լինեն դրանք հոգևոր, թե նյութական: Սուրբ Պետրոսը լավագույն օրինակն է, որին կարող ենք հետևել: Ինքն էլ, հակառակ բոլոր դժվարությունների և մարտահրավերների, իր կյանքի և արյան գնով չվարանեց վկայել խաչված Քրիստոսի մասին: Վերանորոգենք ուրեմն մեր ուխտերը, վստահելով Քրիստոսին, որովհետև ինքն է եկեղեցու նախապետն ու գլուխը: Մենք Տիրոջ աչքին պարզապես ծառաներ ենք»,- նշել է Մուրադյանը:

Փետրվարի 17-ին Մայր Աթոռի պատվիրակությունը մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Պատվիրակության կազմում են Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Մեկշաբաթյա ճանաչողական այցի ընթացքում պատվիրակությունը կայցելի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր ուսումնական-կրթական կենտրոններ, Առաքելական պալատ, ինչպես նաև պաշտոնական հանդիպում կունենա Հռոմի քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ։

Հավաքի մասնակիցների համար պաշտոնական ընդունելություն են կազմակերպելու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և կաթոլիկ ու հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցականները»,-նշված է տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am