Փրկարարները Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա

16:07, 17 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 17-ին, ժամը 09:37-ին տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 500 մետր հատված անանցանելի է բքի պատճառով, և ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ջերմուկ-Գնդեվազ ուղղությամբ առկա են  կուտակված 23 և հակառակ ուղղությամբ՝ 3 ավտոմեքենա:

«ԳԱԶ-66» մակնիշի ամենագնացով (Կունգ) դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատից վեց հրշեջ-փրկարար:

Հրշեջ-փրկարարները բահով մաքրել են ավտոճանապարհը, կուտակումից դուրս բերել 26 ավտոմեքենա և 42 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն: Ավտոմեքենաները շարունակել են ճանապարհը համապատասխան ուղղություններով:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել են երկու ձյուն մաքրող տեխնիկա (տրակտոր):

 


© 2009 ARMENPRESS.am