«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը

00:14, 16 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրատեսիլ  2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մեր պատվիրակն ընտրվեց Առաջին ալիքի ուղիղ եթերում` «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մրցութային համերգին, որը տեղի ունեցավ փետրվարի 15-ին:

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվեց հետևյալ սկզբունքով՝ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%), հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում (ձայների 33.3%)։

Արտասահմանյան ժյուրիի քվեարկության արդյունքում նա վաստակեց  60 միավոր, հայաստանյան ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 58, իսկ sms քվերկաության արդյունքում 50 միավոր: Աթենա Մանուկյանն ընդհանուր վաստակեց 168 միավոր։ 

«Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում էին TOKIONINE-ը, Էռնա Թամազյանը, Միրիամ Բաղդասարյանը, Ակոբը, Կարինա EVN-ն, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները:

«Եվրատեսիլ 2020»-ը  տեղի  կունենա Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am