Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատարի հետ

12:56, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սկինասի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Շնորհավորելով պարոն Սկինասին ԵՄ նոր մանդատի ստանձնման կապակցությամբ` նախարար Մնացականյանը նրան մաղթեց նորանոր հաջողություններ Եվրոպական մայրացամաքի համար կարևորագույն խնդիրների՝ միգրացիայի կառավարման և երիտասարդությանն աջակցության  պատասխանատու առաքելությունում: 

Կողմերն անդրադարձ կատարեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների հագեցած օրակարգին ու բարձր գնահատեցին գործընկերության առկա մակարդակը: Նախարար Մնացականյանը շեշտեց ԵՄ Հանձնաժողովի ու Արտաքին գործողության եվրոպական ծառայության հետ առավել սերտորեն համագործակցության պատրաստակամությունը:

Միգրացիայի ու ազատ տեղաշարժի խնդիրների շուրջ քննարկման համատեքստում ԵՄ հանձնակատարն օրինակելի համարեց Հայաստան-Եվրամիություն վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերով հանձնառությունների իրականացման հարցում Հայաստանի համագործակցությունը։ 

Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ նշելով, որ գործընթացի ազատականացումը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման համար։ 

Մարդկանց միջև շփումների ակտիվացման և աշխուժացման համատեքստում զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին երիտասարդության աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը:


© 2009 ARMENPRESS.am