Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ

11:22, 15 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրով եմ հիշում 2019 թվականի հոկտեմբերի իմ պաշտոնական այցը Սերբիա, որը հիանալի հնարավորություն էր մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար։

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպանության բացումը, մեր երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին որոշումը, ինչպես նաև սննդարդյունաբերության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, նորարա­րության, արհեստական բանականության ոլորտները նոր հեռանկարներ են ստեղծում առկա փոխհարաբերություններն առավել խթանելու և զարգացնելու համար՝ ի շահ մեր ժողովուրդների»: 


© 2009 ARMENPRESS.am