Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին

13:42, 13 Փետրվար, 2020

ԲԵՌԼԻՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեռլինից, պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և այլք:

Բեռլինում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:


© 2009 ARMENPRESS.am