Աթենա Մանուկյանը պատրաստ է պատվով ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ»-ում

14:29, 12 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը ամենայն պատասխանատվությամբ է մոտենում մրցույթին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում երգչուհին նշեց, որ մեծ ցանկություն ունի «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ներկայացնել Հայաստանը:

[gallery id= 63508]

«Այս ընթացքում հետևողական աշխատանք է տարվել, լրջորեն պատրաստվել եմ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան մրցույթին: Ունենալով տարբեր միջազգային մրցույթներին մասնակցության փորձ՝կարծում եմ, որ պատրաստ եմ պատվով ներկայացնել Հայաստանը: Ներկայացնելու եմ «Chains On You» երգը, գրել ենք իմ պրոդյուսերի հետ: Հիմնական ուղերձն այն է, որ յուրաքանչյուրն իր մեջ ունենում է ադամանդ, և երբեմն ոմանք ցանկանում են այն տանել, սակայն պետք է հիշել, որ շողում է, երբ յուրաքանչյուրիս ադամանդը մեր մեջ է: Ամեն մեկն էլ ունի տաղանդ՝ այն ինչ-որ մի օր ի այտ կգա ու կգնահատվի»,-ասաց Աթենա Մանուկյանը:

Ծանոթ լինելով մրցակիցներին՝ Աթենան նշեց, որ բոլորն էլ հանդես են գալիս լավ կատարումներով, յուրաքանչյուրի երգը յուրօրինակ է: Աթենա Մանուկյանից բացի, «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցում են TOKIONINE-ը, ERNA-ն, Միրիամ Բաղդասարյանը, Agop-ը, Կարինա EVN-ն, Վլադիմիր Արզումանյանը, Հայկ Music-ը, Արթուր Ալեքը, Գաբրիել Ջիգը, EVA Rida-ն, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները: Փետրվարի 15-ին պարզ կդառնա, թե նրանցից ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2020» երգի հեղինակավոր մրցույթում:

«Թե ինչի եք ականատես լինելու փետրվարի 15-ին իմ ելույթի ժամանակ, շատ բան չեմ կարող ասել: Փակագծերը չբացելով՝ասեմ, որ այն անակնկալ է լինելու, կարծում եմ, շատերին դուր կգա, որովհետև մենք իսկապես ջանք ու եռանդ չենք խնայել լավ ելույթի համար»,-ասաց Աթենա Մանուկյանը:

Խոսելով իր առաջիկա ծրագրերից՝ Աթենան նշեց, որ այժմ աշխատում է իր երգերի նոր ալբոմ լույս ընծայելու ուղղությամբ: Այնտեղ ներկայացված է լինելու 5 երգ, հիմնականում պարային երգեր են: Ծրագրեր ունի՝ կապված Հայաստանի հետ: Նախ պատրաստվում է հնարավորինս շատ տեսարժան վայրեր այցելել՝ բացահայտելու երկրի գեղեցկությունը: Նախատեսում է լինել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ինչ վերաբերում է ստեղծագործական մասին, ապա նախատեսում է իր երգացանկում ընդգրկել հայկական երգեր, առաջարկների դեպքում համագործակցել տեղական կատարողների հետ:


© 2009 ARMENPRESS.am