ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը

20:22, 11 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը փետրվարի 11-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ Կեստուտիս Լանչինսկասի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատվիրակության այցի նպատակն է եղել Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում լրացուցիչ փորձագիտական ուսումնասիրություն իրականացնել Հայաստանի ոստիկանության գործունեության իրավական շրջանակի, ինստիտուցիոնալ կառուցվածքի, իրականացվող բարեփոխումների կարիքները նախնական գնահատելու համար:

Ողջունելով հյուրերին` Տիգրան Եսայանը կարևորել է Եվրոպական միության հետ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը և հույս հայտնել, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա:

Կողմերն ընդգծել են, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում կարևոր է փորձի փոխանակումը՝ համակարգային բարեփոխումների, կրթական, հասարակական կարգի ապահովման և մի շարք այլ բնագավառներում:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am