Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

17:07, 10 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-շվեդական բարձր մակարդակի հարաբերությունները նկատելիորեն նպաստում են նաև մայրաքաղաք Երևանի զարգացման ծրագրերի իրականացմանը:

Մասնավորապես, Հայկ Մարությանը կարևորել է «կանաչ» տնտեսության զարգացման բնագավառում Երևանի և Շվեդիայի քաղաքների միջև համագործակցության ներուժը:

Իր հերթին դեսպան Թիդեստրյոմը արձանագրել է, որ Հայաստանում տեղի ունեցած պատմական փոփոխություններն աննկատ չեն մնացել Սթոքհոլմում, ինչը լավատեսության հիմքեր է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման համար, այդ թվում՝ համայնքային մակարդակում:

 


© 2009 ARMENPRESS.am