ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից. վարչապետը պատմել է Արցախում տեղի ունեցած դեպքի մասին

11:18, 4 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով այցելել է Արցախ՝ տեսակցելու որդուն: Այցելել են տեղի ռեստորաններից մեկը, որտեղ Նիկոլ Փաշինյանը, չնայած պնդումներին, այդպես էլ չի կարողացել ՀԴՄ կտրոն ստանալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՝ ավելացնելով, որ դեպքի մասին ահազանգել է Արցախի հարկային մարմիններին:

«Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում: Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց՝ պետք է տանք: Ասացի՝ դե, խնդրում եմ, տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա: Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում)»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

 Այդ ընթացքում ՀՀ վարչապետը տեղեկանում է, որ քաղաքացիների խումբ է եկել, և ցանկանում են ինչ-որ հարց քննարկել: Նիկոլ Փաշինյանը ռեստորանից դուրս մի քսան րոպե զրուցում է քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվել է, թե արդյոք կարո՞ղ է վերցնել ՀԴՄ կտրոնը: Պարզվում է, որ ոչ ոք տեղյակ չէր:

«Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել եւ այլն, եւ այսպես շարունակ ու այդպես էլ կտրոն չտվեցին: Աշխատողին ասացի՝ բայց  Դուք հեռուստացույց չե՞ք նայում, չե՞ք տեսնում, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարեւորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու, կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել է վարչապետը:

Չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումն ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում, իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:

«Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերն աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկային է ուղարկել իր վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու եւ նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին: Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն, եւ այդ զեղչը տարածվեց նաեւ մեր զինվոր Աշոտի վրա: Ահա, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցը օրենքով նախատեսված կարգով լուծեք եւ դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եւ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի: Քանի որ հիմա սկսվելու են բազմաթիվ հրապարակումներ լույս տեսնել այդ օրը այդ ռեստորանում բացված «էլիտար» սեղանների եւ «ճոխ» ուտեստների մասին, միանգամից ասեմ, որ 39 հազար դրամ է կազմել մեր հաշիվը: Էս գործի սիրահարները թող նայեն, թե ինչ կարող են տեղավորել այս աննախադեպ թվաբանության մեջ: Ասեմ նաեւ, որ Աշոտը կիրակի օրով զորամասի տարածքը մի քանի ժամով լքել է օրենքով սահմանված կարգով, ինչպես մեր մյուս բոլոր զինվորներն են անում: Փաստաթղթերը անձամբ եմ ստուգել»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am