Շառլ Միշելը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը

16:08, 3 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը: 

Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:


© 2009 ARMENPRESS.am