«Ջրային շոու» Երևանում. առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա «Waterland» կրկեսային խումբը

16:51, 31 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Waterland» կրկեսային թատերախումբն առաջին անգամ ներկայացումներով հանդես կգա Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ելույթները նախատեսված են մարտի 6,7,8-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Waterland» շոուին ելույթ կունենան սինքրոն լողի միջազգային կարգի սպորտի վարպետներ, որոնց ներկայացրած յուրաքանչյուր համար ուշադրություն է գրավում և տեղափոխում ներկաներին հեքիաթային աշխարհ:

Ջրային կրկեսում արվեստի մի քանի ճյուղի համադրում է` դիզայներական գեղեցիկ հագուստներ, հատուկ լուսաձայնային էֆեկտներ, գեղարվեստական լուծումներ, կրակոտ երաժշտություն. այստեղ ամեն ինչ արվում է հանդիսատեսի բարձր տրամադրության համար: Այսպիսի շոու-ծրագիրը հետաքրքիր կլինի ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար: Ներկաները կարող են ծանոթանալ անփույթ արջուկ-նավաստիի, ուրախ կապիկների և հմայիչ փոկի հետ: Հանդիսատեսը ականատես կլինի նաև կախարդական «Waterland» կղզում հրաշքի արարմանը: Ջրային թագավորության բնակիչները (արտիստները), որոնք տիրապետում են ոչ միայն ջրի տարերքին, այլ նաև կրակի, անկասկած, հանդիսատեսի սրտերը իրենց հնարքներով կգրավեն:

Ջրային հրավառությունը ապահովված է գերժամանակակից տեխնիկայի միջոցով, կլինեն 34 մետրանոց շատրվաններ, 170 տոննա ջրով լողավազան:

Երեկոյի գեղեցիկ մասնիկը կլինի նաև АКВА-բալետի համարները և լազերային շոուն:


© 2009 ARMENPRESS.am