Բադասյանը ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծումը տեսնում է միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով

15:42, 30 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծվելը տեսնում է միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Բադասյանն այս մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Սահմանադրական դատարանի և դատական համակարգի ճգնաժամի լուծումը ես տեսնում եմ համալիր սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Դատաիրավական, իրավապահ համակարգերում ճգնաժամի լուծումը և հանրության վստահության վերականգնումը կլինի միայն մեր նախանշած ռազմավարությունների արդյունքում»,- նշեց ՀՀ արդարադատության նախարարը:

Բադասյանը նաև չբացառեց, որ հնարավոր է այդ փոփոխություններից հետո ստեղծվի ամբողջությամբ նոր Սահմանադրական դատարան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ այսօր Հայաստանում Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան չկա:

«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարան մենք այսօր չունենք: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ-ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կազմից ընտրված Սահմանադրական դատարան, և հիմա պարզվեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում: Պաշտոնական կեղծիքի արդյունքում ՍԴ-ն օկուպացվել է մի անձի ու խմբի կողմից»,- նշել էր Փաշինյանը:

Նա նշել էր, որ այս իրավիճակի լուծման համար իրենք անելու են բոլոր անհրաժեշտ քայլերը:


© 2009 ARMENPRESS.am