Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիրից հող կտեղափոխվի ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճար

17:25, 25 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրից հող կտեղափոխվի Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Սա շատ հետաքրքիր ու ողջունելի նախաձեռնություն է եղել ռուսաստանյան իմ գործընկերոջ կողմից, որին մենք աջակցում ենք: Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ու քաղաքացիականների հուղարկավորության վայրերից, գերեզմանոցներից հողը հավաքվում է, և տեղափոխվում հուշապատ, որն այս պահին կառուցվում է Ռուսաստանում»,- ասաց Տոնոյանը:

Միջոցառումը նվիրվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնակատարության նախաշեմին Պաշտպանության նախարարության «Հիշողության ճանապարհ» նախագծի շրջանակում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում (Մոսկվայի մարզ, Կուբինկա) նախատեսվում է հուշահամալիր ստեղծել, որում կտեղադրվեն Մեծ հայրենականի բոլոր մասնակիցների տվյալները: Այս նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաեւ մարմարի վրա հավերժացնել խորհրդային մարտիկների նշանակալի գերեզմանատեղիների մասին հիշատակը, որոնք զոհվել եւ մահացել են հանուն խաղաղ ապագայի: Սրա հետ կապված Երեւանում հունվարի 25-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիրից հողահատկացման հանդիսավոր արարողությունը այն ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճարի տարածքում տեղադրելու համար: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,նաև զինծառայողներ` Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից:


© 2009 ARMENPRESS.am