Փաշինյանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չի կանխատեսում

15:24, 25 Հունվար, 2020

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չի կանխատեսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Խորհրդարանի արտահերթ ընտրությունների համար սահմանադրությունում կոնկրետ մեխանիզմներ, դեպքեր են դրված: Իմ կանխավարկածն այն է, որ մենք կունենանք հերթական խորհրդարանական ընտրություններ: Այսինքն` ամեն ինչ տանում է դրան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործող ԱԺ-ի ու մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը: «Նա լուծարել է իր երկրի խորհրդարանը, ընդունելով, որ իրենց երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Խնդիր է դրել, որ Ադրբեջանի խորհրդարանում պետք է լինեն երիտասարդ մարդիկ, ում կրթական ցենզը ավելի բարձր կլինի: Այս պահանջն առաջացել է ՀՀ խորհրդարանի ու խորհրդարանական մեծամասնության միջազգային գործունեությանը հետևելու արդյունքում»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ. դեկտեմբերի 9-ին: Սահմանադրության համաձայն` խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2023 թվականին:


© 2009 ARMENPRESS.am