Գույքը վաճառելուց առաջ գույքահարկի պարտավորությունների կատարումը նախատեսվում է դարձնել պարտադիր

17:42, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչ վաճառքի ամիսը ներառյալ, գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:

Ըստ հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանի` ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով, ինչպես նաև հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Օրենքի նախագիծը հունվարի 24-ի ՀՀ Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 32 դեմ և 7 ձեռնպահ ձայներով:


© 2009 ARMENPRESS.am