«Սոլո ժամացույցի համար», «Իմ անունը կարմիր է». Տիկնիկային թատրոնում առաջնախաղեր են նախատեսվում

16:05, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, որտեղ թատերասերները դիտում են ոչ միայն մանկական, այլև մեծահասակների համար նախատեսված ներկայացումներ, հետաքրքիր առաջնախաղեր է պատրաստում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ փետրվարի 11-ին ներկայացնելու են Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպի հիման վրա բեմադրված դրամատիկ ներկայացումը: «Մեր թատրոնի դերասանուհի Տաթևիկ Մելքոնյանը «Բեմական խոսք»-ի քննությանը պատրաստել էր հատված այդ ստեղծագործությունից: Այնքան հետաքրքիր էր, որ որոշեցինք այն խմբագրել և ներկայացման վերածել: Կարծում եմ` Տաթևիկը յուրահատուկ լուծումներով է մատուցելու ներկայացումը, որում ընդգրկվել են ուսանողներ»,- պատմեց Բաբայանը:

Նա տեղեկացրեց, որ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը ևս նոր ներկայացում է պատրաստում` «Սոլո ժամացույցի համար», որի պրեմիերան նախատեսվում է փետրվարի վեջին: Բաբայանն ասաց, որ այն համատեղ նախագիծ է: «Ներկայացման մեջ զբաղված են Դրամատիկական, Սունդուկյանի անվան, Համազգային թատրոններից մեծահասակ և երիտասարդ դերասաններ: Երիտասարդների հիմնական մասը մեր ուսանողներն են: Ներկայացումը խաղալու են Մայր թատրոնի փոքր բեմում, Համազգային թատրոնում և մեզ մոտ: Շատ հետաքրքիր պիես է, որում ներկայացվում է մեծահասակների և երիտասարդների շփումը»,-նշեց նա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` ներգրավել են հանրապետության հայտնի դերասանների, որոնց մի մասը վերջերս ոչ հաճախ է բեմ դուրս գալիս: «Փորձերը դիտելով` կարող եմ ասել, որ այն օգտակար է երկու սերունդներին էլ: Սկսնակները կարողանում են հաղորդակցվել վարպետների հետ, իսկ մեծերը երիտասարդներից նոր լիցքեր են ստանում»,-շեշտեց Բաբայանը:

Թատերախումբը 2020-ին ակտիվ կլինի նաև արտասահմանյան թատերական հարթակներում:  Մի քանի օրից մեկնելու են Կանադա, որտեղ ներկայացնելու են «Մատնաչափիկը» մանկական ներկայացումը, ապրիլին մեկնելու են Լեհաստան` «Թևավորը» բեմադրությամբ: «Այս ներկայացումը խաղացել ենք տարբեր երկրներում, և այն մշտապես շատ լավ է ընդունվել: Մայիսին մեկնելու ենք Ռուսաստան` ցուցադրելով «Ամպից պոկված հեքիաթը» և հունիսին «Քրիստոֆեր» ներկայացմամբ մասնակցելու ենք Մոսկվայում կայանալիք թատերական փառատոնի»,-եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am