Չինաստանի Հուբեյի նահանգում կորոնավիրուսի պատճառով տասը քաղաք են փակել

10:32, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հուբեյի նահանգի ինը քաղաքներ Ուհան քաղաքից անմիջապես հետո, որտեղ սկսվեց նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը, հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդպիսով, այն քաղաքների թիվը, որտեղ այս կամ այն չափով կանգնեցված Է տրանսպորտը, հասել Է տասի, ներառյալ Ուհանը (11 միլիոն մարդ), Չիբին (534 հազար մարդ), Էչժոուն (1,08 միլիոն), Հունանգանը (7,5 միլիոն), Սյանտաոն (1,6 միլիոն), Չժիցզյանը (550 հազար), Ցզյանցզյանը (963 հազար), Հուանշին (2,7 միլիոն), Էնշին (809 հազար) եւ Սյաննինը (2,5 միլիոն): Այս միջոցները վերաբերում են նահանգի ավելի քան 29,2 միլիոն բնակիչների: Ըստ վերջին տվյալների՝ փակված քաղաքների թիվը հասել Է 13-ի:

Ուհանում ամենախիստ կարանտինն Է: Հունվարի 23-ի ժամը 10:00-ից դադարել են երթեւեկել ավտոբուսները, լաստանավերը, մետրոն, քաղաք չեն թողնում մարդատար ավտոբուսներ եւ ջրային տրանսպորտ, քաղաքի օդանավակայանից մեկնաթռիչքները եւ երկաթուղային կայարաններից մեկնումները նույնպես չեղարկված են: Քաղաքի եւ երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս չժամանել այնտեղ եւ քաղաքից չմեկնել առանց հատուկ պատճառների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am