ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը

10:34, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը արված փոփոխություններով հնարավորություն է տրվում շրջիկ առևտրի թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ տրամադրել մինչև 3-օրյա ժամկետով:

Նախագծի հիմնական նպատակը Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է: Այս պահի դրությամբ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու շրջիկ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես, թե ինչ ապրանքներ կարող են նրանք վաճառել, որ վայրերում, ինչպիսի ծառայություններ կարող են մատուցել այդ կետերի միջոցով և որ ժամերին: Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը տալ Երևան քաղաքի ավագանուն, մասնավորապես, Երևան քաղաքի ավագանին այս փոփոխության արդյունքում կկարողանա հաստատել այն վայրերը, որտեղ կթույլատրվի իրականացնել շրջիկ առևտուր, կսահմանի ժամերը և ծառայությունները: Առաջին ընթերցմամբ քննարկմանը առաջարկվում էր, որ սահմանվի տեղական տուրք` 50 հազար դրամի չափով:

«Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կատարվել են որոշակի փոփոխություններ: Վարազդատ Կարապետյանի միջնորդությամբ հանդիպել են շրջիկ առևտրով զբաղվող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ստեղծել են ՀԿ: Առաջարկություն եմ ստացել միայն ԼՀԿ-ից: Ընդառաջելով տնտեսավարողներին` մենք օրենքում հնարավորություն ենք տալիս, որ թույլտվություններն  առանձին վայրերում ավագանու որոշմամբ կարող են տրամադրվել մինչև 3-օրյա ժամկետով` նախապես առաջարկված 1 օրվա փոխարեն: Եվ այդ վայրերում այդ տնտեսավարողներին կթույլատրվի 23: 00-ից հետ չտեղաշարժել իրենց մեքենաները, որոնցով իրականացնում են շրջիկ առևտուրը»,- ասաց Գաբրիելյանը:

Սահմանվում է, որ քաղաքապետը կարող է թույլտվությունը մերժել բացառապես այն դեպքերում, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած չափանիշները չեն համապատասխանում ավագանու կողմից հաստատված նորմերին, և  այդ թույլտվությունը կարող է տրամադրվել կամ մերժվել ներկայացված պահից 10-օրյա ժամկետում:

Օրենքի նախագիծն ընդունվեց 74 կողմ և 41 դեմ ձայնով:


© 2009 ARMENPRESS.am