Տեր-Սահակյանը կօգնի հավաքականին. Լպուտյան

20:14, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը հույս ունի, որ երկրի նորընծա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը կարող է իր օգուտը բերել հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Լպուտյանը շեշտեց, որ Հայաստանի առաջնությունները միշտ հետաքրքիր պայքարով են անցնում և ունենում են գերհզոր կազմ:

«Առաջնության մեկնարկում դժվար է կողմնորոշվել, թե ով կդառնա չեմպիոն, քանի որ բոլորը կարող են դառնալ: Այս մրցաշարում գերազանց խաղաց Սամվել Տեր-Սահակյանը: Վստահ եմ, որ մեծ օգուտ կտա հավաքականին»,-շեշտեց նա:

Անդրադառնալով կանանց առաջնությանը` Լպուտյանն առանձնացրեց, որ Մարիա Գևորգյանն ապացուցեց իր բարձր կարգը: «Նրանք, ովքեր առավել շատ հավակնություններ ունեին, նրանք էլ հաղթեցին»,-եզրափակեց նա:

Հայաստանի շախմատի 80-րդ առաջնության չեմպիոնը դարձավ Սամվել Տեր-Սահակյանը: Երկրորդ տեղում Հայկ Մարտիրոսյանն էր, իսկ եռյակը եզրափակեց Ռոբերտ Հովհաննիսյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am