«Էրեբունի Պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի պահին Քոչարյանի գրասենյակում ոչ- ոք չի եղել. Սողոմոնյան

17:40, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի Պլազա»-ում տեղի ունեցած միջադեպի պահին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, որովհետև ճաշի ժամ էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Հետո, իհարկե, չեն կարողացել վերադառնալ ու մտնել գրասենյակ, որովհետև արդեն ոստիկանությունը շրջապատել էր այն»,- ասաց Սողոմոնյանը:

Հարցին, թե որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, ու ինչքանով է դա իրենց առնչվում՝ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել և կգերադասի տեղեկությունները ամբողջացնել, և եթե իրենց այս միջադեպը ինչ-որ կերպ առնչվում է, բնական է, որ և կմեկնաբանեն ու հայտարարություն կտարածեն:

«Ներկայումս որևէ տեղեկություն չունեմ»,- նշեց Սողոմոնյանը:

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծել է և տեղափոխվել ոստիկանություն:


© 2009 ARMENPRESS.am