«Կոռուպցիայի ինդեքս 2019»-ում Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում գրանցել է ամենամեծ առաջընթացը

13:34, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության «Կոռուպցիայի ինդեքս 2019» ամենամյա զեկույցում, որն անդրադառնում է պետական հատվածում կոռուպցիային, Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանի երկրների թվում գրանցել է ամենամեծ առաջընթացը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զեկույցում ներառված է 180 երկիր, ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ անցյալ տարվա 35 միավորի փոխարեն հավաքելով 42 միավոր 100 առավելագույնից և զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը՝ նախորդ 105-րդ հորիզոնականի փոխարեն: Այսինքն, մենք 28 կետով առաջընթաց ենք գրանցել: Զեկույցում նշվել է, որ հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանը խոստումնալից հեռանկարներ ունի հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու ոլորտում ու չնայած նշված զարգացումներին, ոչ թափանցիկ հասարակական երևույթները խանգարում են կոռուպցիայի արմատական վերացմանը: Շեշտվել է, որ ժամանակ ու ռեսուրսներ կպահանջվեն կոռուպցիայի վերացման համար, իսկ հասարակությունը պետք է ավելի մեծ վստահություն ունենա դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքի հանդեպ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am