Միջազգային ինդեքսների համաձայն ՀՀ-ն տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունն է

13:31, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնի հրապարակած 2019 թվականի Դեմոկրատիայի զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում՝ դառնալով տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ 2019-ի արդյունքներով Հայաստանը ստացել է 5,54 միավոր նախորդ 4,79 միավորի փոխարեն ու 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:

«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն՝ Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Ընդ որում, տարածաշրջան ասելով՝ նկատի ունենք ոչ միայն փոքր, այլ նաև մեծ իմաստով: Զեկույցում արձանագրվել է, որ չնայած առաջընթացին, Հայաստանը շարունակում է համարվել այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր: Ըստ էության, սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ: Այդ բարեփոխումների ճակատագրից է կախված, թե մենք երկու ոլորտներում էլ միջին երկրների սանդղակը երբ կհաղթահարենք ու կհայտնվենք առաջատար երկրների ցանկում: Մենք պետք է 2020 թվականին հակակոռուպցիոն ոլորտում, որն ուղղակիորեն կապված է դատաիրավական ոլորտում բարեփոխումների հետ, կենտրոնանանք, որ վերջնականապես ճեղքենք այն սահմանը, որ մեզ պահում է միջին երկրների շարքում: Սա մեզ չի բավարարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ 2019 թվականի արդյունքները ցույց տվեցին, որ տնտեսությունը ոչ միայն չի վախենում բարեփոխումներից, այլև հակառակը, բարեփոխումներից ոգևորված շատ մեծ տեմպերով ակտիվություն է ցուցաբերում:  


© 2009 ARMENPRESS.am