Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

16:41, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերաքննիչ դատարանը մերժել է Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումն ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը:

Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանի որոշումը կանխատեսելի էր, և նրանք դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացնելու:

Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, այնուհետև երկու ամսով կալանավորվել:

Արմեն Թավադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ դրան հարկադրելը):

 


© 2009 ARMENPRESS.am