Գրքափոխանակության անկյուն. Ազգային գրադարանը կմեծացնի հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ

15:16, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի, գրականության երկրպագուները, գալով Հայաստանի ազգային գրադարան, այսուհետ կարող են օգտվել նաև Գրքափոխանակության անկյունից, որի դարակներում դրված են արժեքավոր հրատարակություններ՝ հայերեն և օտար լեզուներով գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն, մատենագիտական հրատարակություններ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրքափոխանակության անկյունը բացվեց հունվարի 21-ին Հայաստանի ազգային գրադարանի վարչական մասնաշենքի 1-ին հարկում:

[gallery id= 63425]

Անկյունում ներկայացված գրքերից ցանկացածը կարող է հայտնվել ընթերցողի գրադարակում, եթե դրա փոխարեն նա առաջարկի մեկ այլ գիրք, որը Ազգային գրադարանում բացակայում է կամ մի օրինակ կա:

«Մեր գրադարանում գործում է Գրքափոխանակության բաժին, որի նկուղներում  տասնյակ հազարավոր գրքեր կան. դրանք խոնավանում են, խունանում:  Այդ գրքերից շատերը բաժանել ենք մարզային գրադարաններին: Մեծ մասը փրկելու, շրջանառության մեջ դնելու նպատակով որոշեցինք ստեղծել այս անկյունը: Ընթերցողները կարող են գալ, մեր գրադարանին առաջարկել գրքեր, որոնք մեզ մոտ քիչ են կամ առհասարակ չկան, և այստեղից ընտրել իրենց գիրքը»,-նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Նա շեշտեց, որ անկյունում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ կիրականացնեն. Անկյունը կօգտագործեն նաև փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրը:

Սարիբեկյանը տեղեկացրեց, որ անկյունից կարող են օգտվել բոլոր հետաքրքրվածները:

Գրադարանի աշխատակցուհի Լուսինե Սողոմոնյանը, որն այսուհետ աշխատելու է նաև Գրքափոխանակության անկյունում, ասաց, թե գրադարան են այցելում շատ մարդիկ, որոնց հետաքրքրել է անկյունը: «Վստահ եմ, որ արդյունավետ աշխատանք  է մեզ սպասում»,- նշեց Սողոմոնյանն ու հավելեց, որ գրքափոխանակության նպատակահարմարությունը կորոշի մասնագիտական հանձնաժողովը:


© 2009 ARMENPRESS.am