Դահուկավազքում պահեստային մարզիկների խնդիր կա  

10:20, 20 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկավազքի հավաքականում պահեստային մարզիկների խնդիր կա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը: «Հայաստանի այս առաջնությունը մի քիչ բարդ ստացվեց, քանի որ ձյան պակաս կար: Առաջնությունը ցույց տվեց, որ պահեստային մարզիկներ չունենք, և նույն մարզիկներն են անընդհատ մեդալակիրներ դառնում: Մեզ հիմա այլ տարիքային խմբերում էլ մարզիկներ են պետք»,-ասաց Միքայելյանը:

Խոսելով Հայաստանի բացարձակ չեմպիոն Միքայել Միքայելյանի մասին` մարզիչը շեշտեց, որ առաջնային խնդիրն այն է, որ Միքայելը քիչ-քիչ մարզավիճակ հավաքի, քանի որ առաջիկա շաբաթների ընթացքում կարևորագույն միջազգային մրցաշարեր ունի:  

Մինչ աշխարհի երիտասարդների առաջնությունը Հայաստանի երեք ներկայացուցիչները` Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը, Շվեդիայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Իսկ աշխարհի երիտասարդների առաջնությանը կմասնակցի միայն Միքայել Միքայելյանը:


© 2009 ARMENPRESS.am