Ձյան համաշխարհային օրը տոնի վերածվեց փոքրիկ դահուկորդների համար

17:39, 19 Հունվար, 2020

ԱՇՈՑՔ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը համատեղ հերթական անգամ նշեցին Ձյան համաշխարհային օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Աշոցքում կայացած միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի մի շարք գյուղերից մի քանի տասնյակ փոքրիկներ իրենց ուժերը փորձեցին դահուկավազքում:

«Ձյան համաշխարհային օրը նշելն իր մեջ ուրիշ խորհուրդ ունի. նպատակ ունենք երեխաներին առավել մոտեցնել ձյանը, ձմեռային մարզաձևերին»,-ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի կարծիքով`դահուկավազքի զարգացման համար Աշոցքում բոլոր նախադրյալները կան և դրան աջակցեու ձև է Ձյան համաշխարհային օրը նշելը: «Մենք պետք է շեշտադրումն անենք ոչ միայն օլիմպիական մեդալների վրա, այլ` առողջ ապրելակերպի»,- շեշտեց Խիթարյանը:

Մրցավազքի ավարտին փոքրիկ մասնակիցները հատուկ դիպլոմների արժանացան Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից:

Վարվառա Հայրապետյան


© 2009 ARMENPRESS.am