Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

20:20, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ վարչապետը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը:

Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին բարձր գնահատականի համար և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ ներգրավվել մեր երկրում գիտության մասսայականացմանը միտված համատեղ նախաձեռնություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում այս տարի նախատեսվող STARMUS 6-րդ փառատոնի շուրջ, որի նպատակը երաժշտության, արվեստի միջոցով երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելն է: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել փառատոնի հավուր պատշաճի և  բարձր մակարդակով անցկացմանը:

STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: Գարիկ Իսրայելյանը Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս է:


© 2009 ARMENPRESS.am