Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումները

12:21, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախորդ տարում ցուցաբերած աջակցության ու արդյունավետ համագործակցության համար և  վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը 2020 թվականին ավելի կզարգանա:

Ռուստամ Բադասյանը Միացյալ Նահանգների գործընկերների հետ զրույցում անդրադարձել է հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների գործընթացներին, քննարկել այդ ճանապարհին համագործակցելու հնարավորությունները: 

Դեսպանը բարձր է գնահատել նախարար Բադասյանին հանդիպելու և Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի մասին ավելին իմանալու այս հնարավորությունն ու ընդգծել, որ ԱՄՆ կառավարությունն ուրախ է, որ հնարավորություն ունի աջակցություն տրամադրել Հայաստանին՝ օգնելով առաջ տանել ոստիկանության լայնամասշտաբ բարեփոխումները և ձևավորել նոր հակակոռուպցիոն հաստատություններ։

 


© 2009 ARMENPRESS.am