Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

17:37, 14 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն և Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես զրույցի առանցքում հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք հերթական նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերն էին։  

Վարոս Սիմոնյանը, ով հանդիսանում է նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը, ողջունելով հյուրերին՝ համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար։ Էկոնոմիկայի փոխնախարարը նաև  գոհունակություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու առիթով։

Շնորհակալություն հայտնելով Վարոս Սիմոնյանին հանդիպման համար, դեսպան Բեդրիխ Կոպեցկին առաջարկել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել մարտին՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Նա հավելել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն գործարարներ, ինչը թույլ կտա կազմակերպել նաև B2B ձևաչափով հայ և չեխ գործարարների հանդիպումները։ Չեխիայի դեսպանը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովան է։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մեկնարկել հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները։

© 2009 ARMENPRESS.am